Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պլան Գ-ն է որոշում՝ պլան Ա՞-ն կկատարվի, թե՞ Բ-ն

Պլան Գ-ն է որոշում՝ պլան Ա՞-ն կկատարվի, թե՞ Բ-ն
25.07.2015 | 18:01

Երեկ Պարույր Հայրիկյանը նորից առաջ ընկավ՝ հանրահավաք հրավիրելով սահմանադրական բարեփոխումների դեմ Ազատության հրապարակում: Հանրահավաքը բազմամարդ չէր: Ավելի ճիշտ՝ սակավամարդ էր: Բայց կային և քաղաքական ուժեր, անգամ խորհրդարանական, օրինակ, «Ժառանգությունը»: Թեպետ հենց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը առաջարկեց նախ միջկուսակցական ձևաչափով քննարկել քայլերը, հետո փողոց դուրս գալ: Ռացիոնալ առաջարկ է: Հակառացիոնալ էր ՀԱԿ-ը, որ բովանդակային քննարկման մեջ մտավ՝ սահմանադրական բարեփոխումների մասին ասելու այն, ինչ առանձապես մեծ նորություն չէր՝ «պետական հեղաշրջման ծրագիր»: Բայց հետաքրքիրը բնավ էլ ՀԱԿ-ի գնահատականը չէ, այլ՝ հերթական, արդեն չգիտեմ որերորդ շրջադարձը՝ ՀԱԿ-ը միջազգային կազմակերպություններին կոչ է արել չաջակցել Հայաստանի իշխանությունների «այս արկածախնդրությանն» ու «բռնապետություն հաստատելու փորձերին»։ Փաստորեն՝ ՀԱԿ-ը դո՞ւրս է գալիս Ռուսաստանի քաղաքական ուղեծրից ու նորից ապավինում է «միջազգային կազմակերպություններին», որոնց բազմակի ստանդարտներ կիրառելու մեջ քանիցս մեղադրել է ու նույնիսկ նախագահի մակարդակով հրաժարվել որոշ հանդիպումներից: Հազիվ թե, բավարար ժամանակ կար՝ Ռուսաստանի հետ համաձայնեցնելու հարկադիր ու թեթևակի «եվրոպական շեղումը», որ անպատիժ կմնա: ՀԱԿ-ը գերադասել է իր կուրսից չշեղվել՝ նա պայքարում է ոչ թե Սահմանադրության փոփոխության դեմ, այլ՝ Սերժ Սարգսյանի «հակաժողովրդավարական ռեժիմի» վերարտադրման ու հավերժացման, որով զբաղված է իր ստեղծման օրից: Սա շատ հարմար տարբերակ է, եթե Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կայանա ու փոփոխություններն անցնեն՝ համենայն դեպս, առաջին նախագահը իր քաղաքական ուժին նորից խորհրդարանում տեսնելու մեծ ցանկություն ունի:

Դեռ խորիմաստ լռում է երկրորդ նախագահը: Ով-ով, նա հիանալի հասկանում է, որ այս ամբողջ պատմությունը հնարված է, որ ինքը չդառնա նախագահ: Բայց եթե հրապարակավ ցույց տա, որ բացել է «փակ ծրարը», կորցնելու է գործողությունների ազատությունը և մանևրելու տարածքը: Հիմնական ինքնահարցազրույցները կսկսվեն օգոստոսի վերջից, մինչ այդ նա նոր կուսակցության գործերը կփորձի կարգավորել, հընթացս մեկ-երկու տեսակետ ասպարեզ նետելով կամ չնետելով, որ հասկանա՝ իսկ ովքե՞ր են իր խոսքին սպասում՝ քանակն ու որակը պարզելու նկատառումով ձգելով դադարը: Փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտնվում են նույն խրամատում, բայց ոչ միայն նրանք: Այս խրամատը դեռ կազմավորվում է՝ կարգախոս ունենալով միանշանակ դեմը:
Շատ ավելի հետաքրքիր է ներիշխանական խրամատը: Նրանց էլ է հուզում, որ հայեցակարգով փորձ է արվում «լուծել Ազգային ժողովում հանրապետականի բացարձակ մեծամասնությունը սահմանադրորեն երաշխավորելու և Սերժ Սարգսյանի ձեռքում բացառիկ լիազորություններով օժտված Ազգային ժողովի նախագահի և հանրապետականի գենսեկի պաշտոնները մեկտեղելու» հարցը։ Ավելի է հուզում, քան Լևոն Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ին: Նրանց ուղղակի հմայում է կայուն խորհրդարանական մեծամասնության դրույթը, որովհետև դա է այն ոսկելարը, որ իրենց պահելու է քաղաքականության մեջ: Կամ՝ կտրվելու է: Իրականում հանուն և ընդդեմ սահմանադրական բարեփոխումների պայքարը իշխանության ներսում է, որտեղ բացարձակապես հստակ չէ՝ ով ինչ է ստանում, ով ում հետ է և ով ինչ է ցանկանում: Սա էլ է Ռոբերտ Քոչարյանի լռության ևս մեկ պատճառ: Իշխանության թևերի ու փետուրների բարենպաստ դասավորության դեպքում միայն սահմանադրական բարեփոխումները կընդունվեն՝ ինչպես անցկացվում են համապետական ընտրությունները: Սա պլան Ա-ն է: Իսկ պլան Բ-ն պետք է պատրաստ պահի տարբերակը՝ գործող Սահմանադրությունը շարունակում է մնալ Հիմնական օրենք, ուրեմն ո՞վ է լինելու նախագահը, ո՞վ՝ վարչապետը, ովքե՞ր են լինելու խորհրդարանի 131 պատգամավորները: Կա նաև պլան Գ-ն՝ խիստ գաղտնի, որը սահմանում է, թե պլան Ա-ի ու պլան Բ-ի դեպքում հանրաքվեից, խորհրդարանական, փոխած կամ չփոխված Սահմանադրությամբ նախագահական ընտրություններից հետո որտե՞ղ են լինելու ու ի՞նչ են անելու առաջին երեք նախագահները՝ մեկ, դեռ վերջին վարչապետը՝ երկու, խորհրդարանական քաղաքական ուժերը՝ երեք: Պլան Գ-ն է, ի վերջո, որոշում պլան Ա՞-ն կկատարվի, թե՞ Բ-ն: Հայկական ներկա լաբիրինթոսը այլևս պատեր չունի, փոխարենն ունի դռներ, որտեղ մտնելուց հետո դուրս չես գալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պլան Դ-ն էլ կա, բայց հրապարակելու դեպքում Ա, Բ, Գ պլանները դառնում են անիմաստ ու անգործունակ:

Դիտվել է՝ 1540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ